2023 թվականի հուլիսի 6-ին ճանապարհ ընկա դեպի Դեղձնուտի վանք։
Դեղձնուտի վանքում եղել էի 2016 թվականի աշնանը, երբ երեք ընկերներով քայլեցինք Աճարկուտից անձրևի տակ, մառախուղի մեջ։ Շատ հեքիաթային էր. ճանապարհն անցնում է անտառի միջով, ու մառախուղը մի ուրիշ հմայք էր տալիս տեղանքին։
Այսպիսով, որոշեցի նորից քայլել այդ ճանապարհով։ Չնայած ոտքիս ճկույթը կոտրել էի ընդամենը 10 օր առաջ, դա ինձ հետ չպահեց։ Դրանից առաջ մի շաբաթ Դիլիջանում էի՝ ընկերուհուս հյուր, ու պատրաստ էի ճանապարհին։ Հավաքեցի ծանր ուսապարկս, հագա սանդալներս (փակ կոշիկ չէի կարողանում հագնել) ու ճանապարհ ընկա։
Ընկերուհուս տնից բավականին ուշ դուրս եկա՝ արդեն 15:30-ի կողմերն էր, բայց որոշեցի չհետաձգել ու գնալ։ Մտածեցի, որ հենց մութն ընկնի, վրանով կմնամ, առավոտյան կշարունակեմ։
Իջա գլխավոր ճանապարհ ու ավտոստոպ արեցի։ Հենց առաջին մեքենան գնում էր մինչև Ալավերդի, այսինքն՝ ինձ կարող էր հասցնել մինչև Կիրանց գյուղ։ Վարորդի անունն Արարատ էր, շատ լավ մարդ էր, ճամփին խոսելով՝ շատ արագ հասանք տեղ։
Կիրանց գյուղի մոտ երկար չսպասեցի հաջորդ մեքենային։ Շատ կարճ ժամանակ անց մի ավտո եկավ, որ Աճարկուտ էր գնում։ Երբ վարորդն իմացավ, թե ուր եմ գնում, ասաց, որ ինձ մի քիչ ավել կտանի ու կիջեցնի հենց Դեղձնուտի վանք գնացող ճանապարհին։ Բայց նաև զգուշացրեց, որ արջերը շատ են, ու զգույշ լինեմ մենակ անտառում։ Մոտավորապես 1 կմ գյուղից դուրս եկանք հողային ճանապարհով, այնտեղից շնորհակալություն հայտնեցի բարի մարդուն ու շարունակեցի ճանապարհս։
Աճարկուտից մինչև Դեղձնուտի վանք 9 կմ է, այսինքն՝ ես դեռ 8 կմ քայլելու ճանապարհ ունեի։ Հեռախոսիս մեջ երթուղին չունեի, բայց քանի որ մի անգամ քայլել էի արդեն, ճանապարհն էլ գծանշված էր, որոշեցի, որ կարիքը չունեմ։ Բացի այդ, առանց հեռախոսի քայլելն ավելի հետաքրքիր էր։
Քայլում էի ցեխոտ ճամփով. անընդհատ անձրևներից հետո ամբողջ ճանապարհին խորը ջրափոսեր էին, որոնք պետք էր ինչ-որ կերպ շրջանցել։ Ճանապարհի կեսն ավտոյի ուղիղ ճամփա է, հետո այն բաժանվում է․ մի ճանապարհը գնում է դեպի Կիրանցի վանք, մյուսը բարձրանում է անտառի միջով դեպի Դեղձնուտ։
Համարյա ճամփաբաժանի մոտ մեղվի փեթակներ էին, մեղվապահ Գարիկն էլ ծառերի տակ նստած էր։
Զրույցի բռնվեցինք, ինձ սուրճ ու մեղր հյուրասիրեց, նա էլ զգուշացրեց, որ տարածքում շատ արջեր կան։
Հանգստանալուց հետո շարունակեցի ճանապարհը։ Կամուրջով գետն անցա ու սկսեցի վերելքն անտառով։ Այս ճամփան ավելի ցեխոտ էր, ու միայն մեծ ու ծանր մեքենաներ էին անցել ու շատ խորը ջրափոսեր էին առաջացրել։ Շրջանցելն էլ բարդանում էր, քանի որ շատ տեղերում ճանապարհի կողքը կամ կտրուկ բարձրացող քարքարոտ տեղանք էր կամ էլ հակառակը՝ դեպի ձորն էր իջնում։
Պարբերաբար հիշում էի, որ տարածքում արջեր կան, ու պետք է իրենց տեղեկացնեմ իմ մասին, որ անակնկալի չգան, երբ պատահական հայտնվենք իրար դիմաց։ Դրա համար արջերի հետ բարձրաձայն խոսելով՝ քայլում էի։ Կողքից նայողի համար զվարճալի տեսարան էր՝ մի աղջիկ ծանր ուսապարկով, կաղալով քայլելով՝ երևակայական արջերի հետ է խոսում։ Բայց քանի որ միակ հանդիսատեսս անտառի բնակիչներն էին, մտահոգվելու կարիք չունեի։
Ճանապարհի մեծ մասն արդեն անցել էի, երբ սկսեց մթնել։ Որոշեցի մթով չշարունակել, հարմար տեղ գտնել գիշերակացի համար։ Ավելի հեշտ է ասել, քան անել․ ամբողջ ճանապարհը ոլոր-մոլոր դեպի վեր է բարձրանում, ու հարթ տեղ գտնելը մի քիչ բարդ էր։ Ամեն դեպքում մի քիչ հարմար տեղ գտա, որտեղից թե՛ տեսարանն էր սիրուն, թե՛ համեմատաբար հարթ էր։ Մոտակայքում վայրի խնձորենիներ էին՝ թարմ ջարդված ճյուղերով։ Սովորաբար ծառերն այդպես ջարդվում են, երբ արջերն ուզում են միրգ ուտել ու ճյուղերն իջեցնում են, որ հասնեն մրգին։ Իհարկե, լավագույն տարբերակը չէր արջերի «ճաշարանի» կողքը գիշերելը, բայց ուրիշ տարբերակ չունեի։ Արջուկներից ներողություն խնդրեցի տարածքը զբաղեցնելու համար ու բացեցի վրանս։
Չոր փայտ հավաքեցի, խարույկ վառեցի, թեյը դրեցի կրակին ու նստեցի՝ վայելելու անտառը, տեսարանը, լռությունը, մենությունս։ Հեռախոսի կապ էլ չկար, այնպես որ՝ լրիվ մենակ էի տարածքում, լրիվ կտրված։
Մութն ընկնելուն պես անտառը փոխվեց։ Դարձավ ավելի առեղծվածային։ Անտառը սկսեց փայլփլել․ լիքը լուսատտիկներ հայտնվեցին, տարբեր տեղերից կայծկլտում էին․ ոնց որ հեքիաթների անտառներից լիներ։ Ցերեկային թռչուններն ու կենդանիները գնացին քնելու, գիշերայիններն ակտիվացան։ Բուի ձայնն էլ չէր դադարում։ Ուտելիք սարքեցի, մի քիչ էլ նստեցի ու պատրաստվեցի քնելու։ Ամբողջ ուտելիքս տոպրակով կախեցի հեռու գտնվող մի ծառից, որ հոտն արջերին դեպի վրանս չբերի, ու տեղավորվեցի քնելու։ Այդ ժամանակ պարզեցի, որ սկզբից հարթ թվացող տարածքն այդքան էլ հարթ չի, ու ամբողջ գիշեր սահում էի վրանի մեջ, ու հողի մի երկու մեծ գուղձ էլ հենց մեջքիս տակ էին։
Գիշերը պարբերաբար «հյուրեր» էի ունենում․ ինչ-որ փոքր կենդանիներ էին մոտենում վրանիս, հոտոտում։ Չգիտեմ՝ ինչ կենդանիներ էին, բայց շնչառությունից զգում էի, որ փոքր են։ Մի պահ վրանիս մեջ ուժեղ լուսավորվեց, պարզվեց՝ լուսինն է դուրս եկել սարերի հետևից։ Ծառերի ստվերներն էլ սիրուն խաղեր էին ստեղծում վրանիս վրա, ես էլ պառկած ստվերային ներկայացումն էի նայում։
Առավոտյան արթնացա թռչունների համերգի ձայնից՝ լուսաբացն էին դիմավորում։ Երկինքն արդեն կարմրել էր, պատրաստվում էր արևի դուրս գալուն։ Բարևեցի արևին ու նորից քնեցի մինչև ժամը 9-ը։ Մրգով ու չրով նախաճաշելուց հետո հավաքվեցի ու շարունակեցի ճանապարհս։
Քարտեզով տեսնում էի, որ հասնում եմ վանքին, բայց դեպի վանք գնացող ճանապարհը չէի գտնում, իսկ իմ եկած ճանապարհը շարունակվում էր այլ ուղղությամբ։ Մի լքված ճանապարհ գտա, դրանով շարունակեցի, բայց քարտեզը ցույց տվեց, որ վանքն անցել եմ։ Ճանապարհի վրա արջի թաթի թարմ հետք տեսա, մի քիչ էլ գնացի, մտածեցի, որ կարող է ճանապարհը հետո թեքվի դեպի վանք, բայց չէ, ավելի էի հեռվանում, արահետն էլ ավելի լքված էր դառնում։ Հետ եկա այն հատվածը, որտեղ քարտեզով պետք է վանքը կողքս լիներ ու աչքերս չորս արած սկսեցի տարածքն ուսումնասիրել։ Ու վերջապես տեսա վանքը՝ ինձնից ընդամենը մոտ 50 մետր հեռու բուսականության մեջ թաքնված, բուսականությամբ պատված։ Այնքան առատ էին աճել բույսերը, որ փակել էին և՛ վանքի տեսարանը, և՛ վանք տանող նեղ արահետը։
Շատ հետաքրքիր էներգիա ունի Դեղձնուտի վանքը, շատ յուրահատուկ ճարտարապետություն, այն ժամանակին եղել է հռչակավոր հոգևոր կենտրոն։ Չնայած հիմա կիսավեր է, բայց իր գեղեցկությունը չի կորցրել։ Վանքի տարածքում մի քիչ զբոսնեցի, մի քիչ հանգստացա ու սկսեցի հետ իջնել։
Հետ դառնալուց որոշեցի կարճ ճամփով գնալ, որ քարտեզի վրա էի գտել, բայց պատկերացում էլ չունեի, թե ինչ ճամփա է։ Պարզվեց՝ շատ հին ու վաղուց չօգտագործվող ճանապարհ էր, որ մոշուտներն ու մասրուտները փակել էին․ այնպիսի տպավորություն էր, որ վայրի ջունգլիներով եմ քայլում։ Քերծվեցի, փշոտվեցի, բայց դուրս եկա հիմնական ճանապարհ։ Վերադարձի ճանապարհին շատ հանգիստ էի, շատ ներդաշնակ բնության հետ, չնայած ուսապարկս ծանր էր, ջարդած ճկույթս էլ սկսել էր ցավալ։
Հասա մեղվապահ Գարիկի մոտ, սուրճ խմեցինք, զրուցեցինք ու շարունակեցի ճամփես։ Գետի ափին մի հարմար տեղ գտա, պառկեցի, մի քիչ քնեցի՝ գետի ափին քնելն իմ ամենասիրելի զբաղմունքներից է։ Հետո տեղացի տղաների մի խումբ եկավ ինձնից մի քիչ հեռու, մտան գետը։ Հավես էր նայելը, թե ոնց են վայելում գետը, բնությունը։ Քանի որ տղաների ներկայությամբ չէի կարող ամբողջությամբ գետը մտնել, միայն ոտքերս թրջեցի ու շարունակեցի քայլել։

Ճանապարհին այդ նույն տղաներն անցան ավտոյով, կանգնեցին ու ինձ տարան մինչև Սևքար գյուղի մոտ։ Այնտեղից էլ մի ուրիշ բարի մարդ ինձ հասցրեց մինչև տուն։
Մենակ քայլելն ու վրանով գիշերակաց անելն ուրիշ զգացողություն է ։ Կրկնակի զգոն ես լինում, բայց նաև ուրիշ հանգստություն է։ Կարողանում ես ավելի լավ զգալ շրջապատդ, բնությունը, տեսնել ամենափոքր դետալները, լսել շատ ցածր ձայները։ Դառնում ես այդ բնության մի մասնիկը:
Բայց ամեն դեպքում զգոնությունն ու զգուշությունը պետք չէ կորցնել։ Պետք է տեղանքի մասին գիտելիք ունենալ, իմանալ՝ ինչ կենսաբազմազանություն կա, անվտանգության կանոնները սովորել ու պատրաստ լինել ցանկացած անկանխատեսելի իրավիճակի։
Join our group of explorers and see Armenia from a different perspective. Custom dates and private tours are also available.