Bnamard

Կորածներն Աժդահակում, 2014 թվական

Աժդահակը Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է: Այն հրաբխային լեռ է՝ տարբեր գույներով, լերկ լանջերով, իսկ գագաթին խառնարանային լիճ կա: Հրաշք տեղ է Աժդահակը՝ թե՛ այնտեղից բացվող տեսարանով, թե՛ լեռան գույներով ու էներգիայով:

Azhdahak mountain

Բայց սեպտեմբերյան այն գիշերն Աժդահակում մենք գեղեցկությամբ չէինք հիանում, այլ փորձում էինք գոյատևել լեռներում, լուսացնել անվերջանալի թվացող գիշերը, գտնել ճանապարհն ու ոչ մի մարդկային կորուստ չունենալ։ Ամեն ինչ սկսեց նրանից, որ․․․ Բայց եկեք հերթով պատմեմ, որ ոչինչ բաց չթողնեմ։ 

Աժդահակում եղել էի հենց այդ տարի՝ հուլիսի 12-ին, երբ ընկերներս որոշեցին, որ ծնունդս պիտի հենց այնտեղ նշենք: Հուլիսին խառնարանի լիճը դեռ շրջապատված էր սառույցով, բայց դա մեզ հետ չպահեց դրա մեջ թաթախվելուց: Ջուրը սառն էր, մաքուր ու շատ համով (ես սիրում եմ տարբեր տեղերից ջուր խմել):

Եղանակն արևոտ էր ու տաք. լճում լողալուց հետո պառկել էինք խոտերին ու վայելում էինք արևը, երբ սարն ինձ «նվեր» արեց՝ ներքևից սկսեցին ամպեր բարձրանալ ու մեր վրայով իջնել սարի մյուս կողմը: Այդ հրաշք տեսարանից շունչներս պահած կանգնել էինք, բայց արդեն ժամանակն էր իջնելու, որպեսզի հասցնեինք մինչև մթնելը: Այդ օրն Աժդահակի հետ ծանոթությունն անցավ առանց արկածների։

Այնքան էի տպավորված, որ երբ ընկերներս ասացին, թե օգոստոսի 31-ին մի խումբ է գնալու այնտեղ գիշերակացով, որոշեցի միանալ նրանց: Այս խումբն ուզում էր ուսումնասիրել Աժդահակի վիշապաքարերն ու ժայռապատկերները: Ճիշտն ասած, չեմ սիրում մեծ ու անծանոթ խմբերի հետ արշավների գնալ, բայց գիշերային Աժդահակը վայելելու գայթակղությունը մեծ էր: Կազմակերպիչները հավատացրին, որ շատ անգամներ են եղել այնտեղ, և օգոստոսի 31-ին մի մեծ ավտոբուսով ճամփա ընկանք:

Մեքենաներով հասանք Ակնա լճի մոտ, այնտեղ տեղավորվեցինք վրաններով, որ առավոտյան բարձրանանք գագաթ ու հետ վերադառնանք Երևան: Ակնա լճից մինչև գագաթ 8 կմ է, այնպես որ պլանավորել էինք արագ գնալ-գալ:

Night on Azhdahak
լուսանկարը Կարեն Ներսիսյանի

Գիշերը վրանում ցուրտ էր. սեպտեմբերին լեռներում արդեն զգալի սառնություն է լինում: Մի քիչ մրսելով լուսացրինք՝ մեծ վրանների մեջ մի քանի հոգով իրար սեղմված։ Առավոտյան բոբիկ վազեցի թաց խոտերի վրայով, լվացվեցի լճի սառը ջրով ու տաքացա արևի տակ:

Ժամը ութին շարժվեցինք դեպի գագաթ: Խումբը բավականին դանդաղ էր քայլում: Ստորոտին մոտեցանք այլ կողմից. անցյալ անգամ Կարմիր սարով ու թամբով էինք բարձրացել, իսկ այս կողմից ճանապարհը շատ ուղղահայաց էր, ավազոտ ու ժայռոտ։ Ով եղել է Աժդահակում, գիտի, թե որքան փխրուն են այնտեղի քարերը։ Խմբի ղեկավարները որոշեցին, որ շրջանցելու ժամանակ չկա, որպեսզի հեշտ ճանապարհով բարձրանանք, ու վերելքը կսկսենք այդ կողմից: Ինձ համար տարբերություն չկար, ինձ հետաքրքիր էր այդ կողմից էլ բարձրանալը, ուժերս փորձելը։ Վերջնական հարցրեցի՝ արդյո՞ք վստահ են, որ այս ճամփով են ուզում բարձրանալ, հաստատական պատասխան ստանալուց հետո, սկսեցի բարձրանալ։

Azhdahak summit
Այս կողմից ճանապարհը շատ ուղղահայաց էր, ավազոտ ու ժայռոտ

Մի քանի հոգով առաջ ընկանք, որովհետև մյուսները շատ դանդաղ էին բարձրանում: Ինձ համար հեշտ էր․ մագլցելով բարձրանում էի, ձուլվել էի սարին ու կանչում էր գագաթը: Այս կողմից վերելքն ավելի բարդ ու վտանգավոր էր, բայց ադրենալինն ինձ դուր էր գալիս: Համարյա հասնում էինք գագաթ, երբ ներքևից ձայն տվեցին, որ խումբը չի կարողանում բարձրանալ, հետ իջնենք։ Մենք հինգ հոգով էինք այդտեղ: Պատասխանեցինք, որ այս ճանապարհով իջնելը վտանգավոր է, ավելի լավ է հասնենք գագաթ ու մյուս կողմով իջնենք։ Որոշեցինք, որ իրենք կվերադառնան ճամբար, իսկ մենք կիջնենք ու կհասնենք նրանց։

Բայց գագաթից մի քիչ ներքև՝ մի վտանգավոր հատվածում, որտեղ պետք էր անցնել ձորի վրա կախված նեղ ու անկայուն արահետով, տղաներից մեկը վախեցավ: Ոչ մի կերպ չկարողացանք համոզել, որ օգնենք անցնի: Նա որոշեց զանգել փրկարարներին: Ընկերն էլ մնաց նրա հետ, իսկ մենք երեքով հասանք գագաթ ու որոշեցինք սպասել: Այլ ճանապարհներով գագաթ բարձրացան ևս չորս հոգի: Արդյունքում յոթ հոգի գագաթին էինք, երկուսը՝ մի քիչ ներքև: Ոչ մեկս չուզեց իջնել ճամբար, քանի դեռ նրանք սարի վրա էին:

Waiting for the rescue on the top of Azhdahak
Մայրամուտին դեռ գագաթին էինք - լուսանկարը Կարեն Ներսիսյանի

Արդեն ժամը երկուսն էր, մենք մի քիչ սովածացել էինք, քամի էր գագաթին: Յոթով մեջք-մեջքի նստել էինք, որ չմրսենք: Մայրամուտին դեռ գագաթին էինք. արևի սկավառակը ձվածեղ էր հիշեցնում, ու մենք պատկերացնում էինք այն ամենը, ինչ ուտելու էինք ճամբարում։

Փրկարարներին զանգելուց վեց ժամ հետո՝ ժամը 20:00-ին, երբ արդեն մութ էր, փրկարարները հասան: Տղաներին պարաններով բարձրացրին, ու պատրաստվեցինք իջնել: Դեպի ճամբար ճանապարհը գիտեինք, բայց փրկարարները խնդրեցին իրենց հետ գնալ իրենց մեքենայի մոտ, քանի որ մեր խմբից մի տղա այնտեղ էր սպասում, որ այդ տղային էլ մեզ հետ տանենք ճամբար: Հավատացրին, որ մեքենայից ճամբար ընդամենը 300 մետր է:

Lost on Azhdahak
Տղաներին պարաններով բարձրացրին - լուսանկարը Կարեն Ներսիսյանի

Արդեն մթով Աժդահակի գագաթից սկսեցինք իջնել, ու էլի ոչ թե թամբով ու ոչ էլ, բնականաբար, մեր բարձրացած ուղղաձիգ հատվածով, այլ ավազոտ լանջով։ Որոշ ժամանակ քայլելուց հետո հասանք մեքենային։ Պարզվեց այդ տղան արդեն գնացել է։ Հրաժեշտ տվեցինք փրկարարներին ու նրանց ցույց տված ուղղությամբ քայլեցինք՝ երազելով տաք թեյի, տաք հագուստի ու սննդի մասին:

Ֆիլմեր կան, որ մարդիկ գնում են, գնում են, ու ամեն ինչ նույնն է, կարծես տեղում քայլեն, նույն ճանապարհները նորից անցնեն, մեզ մոտ էլ նույն տպավորությունն էր: Գեղամա լեռներում ամեն ինչ իրար նման է, մանավանդ գիշերով, մանավանդ երբ տեղանքին շատ ծանոթ չես: Ահագին տարածք անցնելուց հետո, երբ այդպես էլ ճամբարը չէր երևում, մտածեցինք, որ շեղվել ենք ճամփից ու կորել ենք, ու այդ պահից սկսվեց պատմության ամենաէքստրեմալ հատվածը՝ գոյատևել գիշերը սարերում առանց սննդի, առանց տաք հագուստի ու փորձել գտնել ճամբարը։

Ինը հոգով՝ 3 աղջիկ և 6 տղա, որոնց մեծ մասն իրար առաջին անգամ էին հանդիպել, դարձել էինք մտերիմ ընկերներ: Քայլում էինք, հետո նստում հանգստանալու՝ իրար գրկած, որ տաքանանք: Այդ բարձրության վրա ծառեր չկան, խարույկ վառելու հնարավորություն չունեինք, ուժեղ քամի էր, որից պատսպարվելու տարբերակ էլ չկար։ Միակ տարբերակը քայլելն էր, որ ցրտից չսառենք, այնքան քայլենք, որ կամ ճամբարը գտնենք կամ էլ լույսը բացվի։

Հեռվում ամպերն էին որոտում, ու կայծակներ էին երևում։ Մտքումս սարի հետ խոսում էի, որ մեզ գոնե լավ եղանակ տա, թե չէ անձրևի տակ գիշերով հաստատ չէինք դիմանա։ Հանգստի դադարների ժամանակ երկուական խմբերով գնում էինք տարածքն ուսումնասիրելու։ Ոչ կապ կար, ոչ GPS, ոչ էլ այն ժամանակվա հեռախոսներն էին այդքան «խելացի»: 

Ոչ կապ կար, ոչ GPS, ոչ էլ այն ժամանակվա հեռախոսներն էին այդքան «խելացի»: Բացի ցրտից վտանգը նաև վայրի կենդանիներն էին, բայց քանի որ մեծ խմբով էինք, հավանականությունը քիչ էր, որ կհարձակվեին։

Գիշերվա ժամը 4-ին, երբ հոգնածությունից, սովից ու ցրտից արդեն ուժասպառ էինք, շների հաչոցներ լսեցինք: Որոշեցինք գնալ շների ձայնի ուղղությամբ, որովհետև այս սարերում ամռանն ապրում են եզդի հովիվներն իրենց մեծ վրանների մեջ, ու շների հաչոցները նշանակում էին, որ հովիվների վրաններ (օբա են ասում նաև) կան տարածքներում: 

Ժամը 6-ի կողմերը հասանք տեղ․ մի քանի մեծ գամփռներ էին, որ հսկում էին տարածքը։ Դիմացի բլրի վրա կիսամթան մեջ սիլուետ տեսանք, կարծեցինք մարդ է, սկսեցինք կանչել, խոսալ ու զարմանում էինք, թե ինչու չի պատասխանում, երբ թեքվեց, ու պարզվեց, որ ձիու հետ էինք խոսում այս ամբողջ ընթացքում, ուղղակի դեմքով էր մեզ կանգնած, մթության մեջ մարդու տեղ էինք դրել։ Շների հետ հետ խոսալով, համոզելով՝ մոտեցանք տանը ու թակեցինք պատուհանը: Երիտասարդ կիսաքուն հովիվը բացեց դուռը ու զարմացած նայում էր գիշերվա կեսին սարերում հայտնված խմբին։ Բացատրեցինք կատարվածը, նա մեզ հրավիրեց տան կից խոհանոցը, տաք թեյ տվեց։ Վերջապես կարողացանք հանգիստ շունչ քաշել, նստել ու մի քիչ տաքանալ։ 

Լուսաբացին հովիվը մեզ ուղեկցեց մինչև ճամբար, որտեղ մեզ սպասում էին անհանգստությունից խելագարված ընկերներն ու հարազատները: Պատմեցինք, թե ինչ է կատարվել, ու սկսեցին ավտոներով մարդկանց իջեցնել գյուղ։ Ճամբարն արդեն հավաքել էին, այնպես որ ո՛չ տաք ճաշ, ո՛չ տաք թեյ, ո՛չ էլ տաք անկողին մեզ չէր սպասում մինչև տուն հասնելը։

Մինչ սպասում էինք ավտոներին, զրույցի բռնվեցինք տեղի հովիվներից մեկի հետ։  Երբ լսեց պատմությունը, ասաց, որ պետք է զոհաբերություն (մատաղ) անել, որ փրկվել ենք։ Բայց, քանի որ իմ փրկության համար այլ կենդանու սպանելը ես անընդունելի եմ համարում, առաջարկեցի, որ փոխարենը ես կզոհաբերեմ մազերիցս մի փունջ։ Մեր մոտի դանակով մազերիցս մի փունջ կտրեցինք, տվեցինք քամուն, ու սարին շնորհակալություն ասեցինք, որ մեր մասին հոգ է տարել։

Շատ բան սովորեցրեց ինձ այս արկածը, հետաքրքիր փորձառություն էր: Վախ չունեի ամբողջ ընթացքում, մի տեսակ վստահ էի, որ դուրս կգամ այս իրավիճակից: Շատ կարևոր է նման իրավիճակներում խուճապի չմատնվել, որովհետև խուճապը վնասում է, սխալ քայլեր ես սկսում անել։ Պետք է հանգիստ լինել ու մտածել, թե ոնց դուրս գալ իրավիճակից։

Հասկացա նաև, որ ճանապարհ գնալուց շատ կարևոր է, թե ում հետ ես գնում: Այս խնդրից կխուսափեինք, եթե խմբի ղեկավարը գրագետ ու պատրաստված լիներ։ Նաև հասկացա, որ պիտի պատրաստ լինել տարբեր իրավիճակներին՝ ունենալ անհրաժեշտ պարագաներ՝ անգամ եթե երթուղին կարճ է ու հեշտ։ Օրինակ պետք էր ունենալ առնվազն պարան, լապտերներ, GPS համակարգ, տաք հագուստ, սնունդ, առաջին օգնության դեղարկղիկ (տղաներից մեկը բարձր ջերմություն ուներ), ազդանշանային լույսերը շատ կօգնեին այդ օրը, որովհետև փրկարարներն էլ մեզ էին փնտրում, այն բանից հետո, երբ որոշ մարդկանց հարազատներն ահազանգել էին։ 

Հասկացա նաև, որ տեղացիների ասած «300 մետրը» միշտ չէ, որ հենց 300 մետր է նշանակում. այն կարող է լինել անգամ մի քանի կիլոմետր։ Կամ հակառակը՝ երբ ասում են, թե շատ հեռու է, կարող է ընդամենը մի քանի հարյուր մետր լինել։ Մեր դեպքում մեքենայից մինչև ճամբար հեռավորությունը մի քանի կիլոմետր էր։ Ու երբ քայլում ես 300 մետրի սպասումով, բայց ճամբարը չես գտնում, քեզ թվում է, թե կորել ես ու շեղվել ճանապարհից։

Բայց ամենակարևորը հասկացա, որ սարերին պետք չի թերագնահատել, պետք չի գնալ սարերը «նվաճելու», մենք գնում ենք սարերի ու բնության հետ շփվելու ու սարն է որոշում, թե ինչքանով թույլ կտա դա։ Այդ օրը Աժդահակը վերևից հետևում էր մեզ, մեզնից հեռու էր պահում իր գազաններին, հեռվում որոտացող ամպրոպին ու մի տեսակ ամբողջ ժամանակ զգում էի նրա հոգատար ներկայությունը:

More About Azhdahak Tour

Ready for an Adventure?

Join our group of explorers and see Armenia from a different perspective. Custom dates and private tours are also available.