2013 թվականի հուլիսի 12-ին ծննդյանս օրվա առավոտը սկսեց Գառնիի ճանապարհով: 7 հոգով նստեցինք Գառնի գնացող ավտոբուսը և սկսվեց ճամփորդությունը։ Ասեմ, որ միակ տրանսպորտն էր, որին գումար ենք վճարել 9 օրվա ընթացքում: 7 հոգուց երկուսս էինք հայ, մնացածը տարբեր երկրներից մարդիկ էին, որոնք ուզում էին տեսնել Հայաստանից այնքան տարածք, ինչքան կհասցնեինք մինչև նրանց մեկնելը:
Հասանք Գառնու տաճար, երկար մնացինք․ սովորական տուրիստներ չէին, որ էնքան որ նկարվեն, տեսնեն ու գնան, նրանց հետաքրքիր էր մեր մշակույթը, տաճարները, եկեղեցիները, դրանց էներգիան:
Երեկոյան իջանք Ազատի կիրճ, գետի ափին մի փոքր բացատ՝ ծառերով շրջապատված, մարդկանցից կտրված։ Այստեղ հնարավոր է նաև գետում լողալ, շատ լավ տեղ է գիշերակացի համար։ Խարույկ վառեցինք ու գիշերեցինք այդտեղ։ Մի քիչ զգույշ էինք, որովհետև գյուրզաների ակտիվ շրջանն էր, ու նրանք էլ գիշերն են դուրս գալիս որսի, ու հեչ ցանկություն չկար անհանգստացնելու նրանցից մեկին:
Առավոտյան նախաճաշելուց հետո մի քանի հոգով որոշեցինք բարձրանալ Հավուց Թառ վանական համալիրը, որը գտնվում է Խոսրովի արգելոցում։ Այն մեր վերևում էր, բայց գլխավոր ճանապարհով գնալու համար պետք էր բավականին տարածք հետ գնալ, այնպես որ որոշեցինք միանգամից թեք լանջով բարձրանալ։ Իրերը թողեցինք ներքևում ու ճամփա ընկանք: Բավականին դժվար վերելք էր, փխրուն մանր քարեր էին ու հող, նաև պետք էր ուշադիր լինել, որ օձերի չհանդիպեինք ճանապարհին։ Մի քայլ դնում էինք, երկու քայլ հողը հետ էր իջեցնում, ճանապարհին հանդիպող փոքր բույսերն ու թփերն էին օգնում քայլ առ քայլ բարձրանալ։ Ջուր էլ չէինք վերցրել, ու հուլիսյան անխնա արևի տակ բարձրացանք մինչև վերջ: Երբ հասանք նրան, հասկացանք, որ արժեր այսքան տանջվել։ Կիսաքանդ վանքն այնքան սիրունություն ուներ իր մեջ, այնպիսի ճարտարապետություն, որ չէինք հագենում տարբեր սենյակներ մտնելուց, կամ ուղղակի նստելուց ու ձուլվելուց նրան:
Իջանք նույն ճանապարհով ու միանգամից մտանք գետը՝ շոգն ու փոշին թոթափելու ամենալավ տարբերակը։ Ոնց եմ սիրում Գառնու սառը գետը։ Այնքան էի ձուլվել գետին, որ մի ձկնիկ եկավ ու սկսեց ոտքիս բզել բերանով։ Ինձ թվաց՝ ոտքս խանգարում է, քաշեցի մի կողմ, բայց նորից եկավ ոտքիս մոտ ու մի տեսակ հրում էր, նենց հավես էր։
Հետո հավաքվեցինք, շարունակեցինք ճամփորդությունը։ Ճանապարհ ընկանք դեպի Գեղարդ, հենց գետի հունով էլ գնացինք, մինչև հասանք գլխավոր ճանապարհին, ու մի քանի մեքենա մեզ հասցրեց Գեղարդ: Որոշ տեղ էլ քայլեցինք՝ ճանապարհին հիանալով Գեղարդի կիրճի ժայռերի միջի քարանձավներով: Արդեն մութ էր, երբ հասանք եկեղեցի։
Եկեղեցականները մեզ տեղ տվեցին եկեղեցու բակում, որպեսզի վրան դնենք, բայց մի քանիսս որոշեցինք գիշերն անցկացնել քարանձավում: Ես վրան ունեի, բայց ոչ քնապարկ, ու մերժեցի ընկերներիս առաջարկը՝ նրանց քնապարկը վերցնելու և որոշեցի ինքս ինձ փորձել ու քնել հենց քարանձավի քարե հատակին, առանց առանց որևէ լրացուցիչ շերտի։ Հետաքրքիր գիշեր էր այն քարանձավում, որտեղ ժամանակին վանականներն են ապրել․ տեղափոխվում ես դեպի անցյալ, մի փոքր զգում ես նրանց կենցաղը:
Առավոտյան եկեղեցում կիրակնօրյա պատարագն էր․ մնացինք պատարագին ու հետո շարժվեցինք դեպի Երանոսի լեռներ: Բայց դեպի Երանոս գնացինք երկու հոգով, քանի որ մյուսները համարեցին, որ դժվար կլինի իրենց համար: Ես վրանս փոխեցի ընկերներից մեկի քնապարկի հետ, և առանց վրան ճամփա ընկանք: Ավտոստոպով հասանք Գառնի ու սկսեցինք Ազատի կիրճով շարժվել դեպի լեռները, դեպի Ազատի ջրամբար: Ճամփի կեսին, երբ արդեն մթնում էր, հասանք մի տնակի, որտեղ Ալբիկ և Նելլի ամուսինները մեզ տեղ տվեցին իրենց այգում, նաև կերակրեցին, ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց ընկերակցությամբ: Տեսանք, թե ինչպես են թթի դոշաբ սարքում։ Շատ եմ սիրում շփվել տեղացիների հետ, շատ բան եմ սովորում նրանցից այդ տեղանքների մասին։
Առավոտյան շարունակեցինք մեր ճամփան՝ փորձելով գտնել հանքային ջրի աղբյուրը, որի մասին պատմում էին: Ջրի միջով գետն անցանք ու մի ուրիշ հանքային աղբյուր գտանք՝ սպիտակ, կլոր քարերով, հետաքրքիր համ ունեցող ջրով: Բայց քանի որ մեր փնտրածը թթու ջուր էր, զգացինք, որ դա չէ: Մի քանի անգամ գետն անցանք, մի քիչ կորանք, մինչև գտանք մեր փնտրած աղբյուրը:
Աղբյուրի մոտ բարձրանալուց առջևից ես էի գնում, համարյա հասել էինք, երբ մի քիչ ինձնից վերև, կամարաձև քարի տակ տեսա գյուրզայի շատ հաստ պոչը: Օձերին սիրում եմ, բայց այդ չափսի մեծ ու մահացու օձ տեսնելուց անակնկալի եկա: Բայց կտրուկ շարժումներ չարեցի, կանգնեցի տեղումս, ուղեկցիս զգուշացրի, որ օձ կա դիմացներս, հետ քաշվեցի ու սպասեցի: Օձը, բնականաբար, զգաց ներկայությունս, և մենք՝ փոխադարձ համաձայնությամբ, գնացինք տարբեր ուղղություններով։
Հասանք աղբյուրին․ քարե ավազան էր սարքած, որի մեջ հավաքվում էր հանքային ջուրը, հետո հոսում լանջով։ Առաջին հերթին գլուխս ավազանի մեջ մտցրեցի, սկսեցի խմել էդ թթու ու համով ջուրը, հանգստացանք ու լրիվ մտանք ջուրը: Հուլիսյան շոգին այդքան քայլելուց հետո կենարար ազդեցություն ուներ այդ հանքային աղբյուրը, մարմինդ ու հոգիդ հանգստանում են։
Շուտով նորից ճամփա ընկանք, ուզում էինք հասնել Երանոսի գունավոր լեռներին՝ ուղեկիցս գունավոր ավազներով ուզում էր մանդալա նկարել: Իջանք կիրճ, հետո ընկանք ցեխերի մեջ, քանի որ արդեն մոտենում էինք ջրամբարին, ու քանի որ ջրի մակարդակն իջել էր, ցեխ էր մնացել տեղում։ Մի կերպ նորից անցանք գետը ու բարձրացանք սարը: Հասանք տեղ, նստեցինք, որ հանգստանանք, որովհետև շատ բարդ վերելք էր՝ թեք ու ավազոտ լանջով։ Արդեն պատրաստվում էի թուլանալ, երբ հայտնաբերեցի, որ ապարատս ընկել է ճանապարհին։ Ստիպված նորից հետ ենք իջել, այս անգամ առանց պայուսակների։ Համարյա ամբողջ ճանապարհը հետ ենք իջել, տարածքում փնտրել ու երբ հուսահատված նորից հասնում էինք սարի գագաթին, տեսանք, որ գագաթի մոտ է ընկել: Այս անգամ կրկնակի հոգնած փռվեցինք գագաթին, մի քիչ հանգստացանք ու սկսեցինք գագաթներով քայլել դեպի ջրամբար:
Հասանք այդ տարածքի ամենաբարձր կետին այն պահին, երբ արևն արդեն մայր էր մտնում։ Շատ սիրուն էր մայրամուտը Ազատի ջրամբարի, այն շրջապատող գունավոր լեռների ֆոնին։ Վայելեցինք տեսարանը, պահը ու սկսեցինք գիշերելու տեղ փնտրել: Քանի որ ջուր չունեինք, պետք է իջնեինք ջրամբարի մոտ։
Հենց ջրամբարի ափին էլ խարույկ վառեցինք, ջրամբարի ջուրը եռացրեցինք ու խմեցինք: Լուսինն էլ կորավ սարերի հետևում, ու էդ տարածքում մնացինք մենք ու մեր պուճուրիկ կրակը։ Առանց վրանների, միայն քնապարկերով գիշերեցինք ջրամբարի ափին, խարույկի կողքը։ Չորրորդ գիշերն անցավ առանց միջադեպերի։
Առավոտյան մտանք ջուրը, թարմացանք՝ չնայած այդ հատվածում հատակը շատ հողոտ է ու ջուրն էլ բավականին պղտոր է, բայց ավելի լավ էր, քան ոչինչը։
Կերանք այն շատ քիչ սնունդը, որ մնացել էր, ջուր վերցրինք ու հենց ջրամբարի կողքն գտանք մի քանի գույնի ավազներով բլուրները: Սկսեցինք նրա պատկերացրածը սարքելու գործընթացը, ահագին չարչարվեցինք, որովհետև մեծ պատկեր էր ուզում ստանալ, իսկ մենք երկու հոգով էինք, ու շատ բան չհասցրեցինք անել, բայց պրոցեսը հետաքրքիր էր:
Սկսեցինք քայլել դեպի մոտակա գյուղը, որպեսզի սնունդ առնենք ու շարժվենք դեպի Դվին:
Այնպիսի շոգ էր, ոնց որ անապատով քայլեինք։ Այդ տարածքում ծառեր չկան, արևը վառում է, շուջբոլորը միայն ավազոտ ժայռեր են։ Շշի միջի շատ քիչ ջուրն էլ եռման աստիճանի էր հասել: Հսկայական ուսապարկերն ուսներիս, սոված, ծարավ ու հոգնած՝ քայլում ենք ճանապարհով, ու հանկարծ ինձ թվում է, թե դիմացս միրաժ է՝ աչքիս այգիներ են երևում, առանց ցանկապատի: Վերջին ուժերով վազեցինք մոտիկ ու մտանք դեղձի այգիներ: Ես երևի այդքան դեղձ կյանքում չէի կերել։ Ամեն մի կիսախակ ու թթվաշ դեղձի հետ զգում էի, թե ոնց են վերադառնում ուժերս: Հետո ինչքան տեղ ունեինք պայուսակներումս լցրեցինք դեղձով ու այգիների միջի ճանապարհով, արդեն մի քիչ ավելի շատ էներգիայով, հասանք Գետազատ գյուղ:
Գյուղի խանութից ուտելիք առանք ու հենց խանութի կողքին ուտում էինք, երբ մեզ մոտեցավ մի մարդ ու առաջարկեց հանգստանալ իրենց տանն ու տեսնել իր հոր թանգարանը: Հաճույքով ընդունեցինք հրավերը՝ մեծ հետաքրքրություն առաջացրեց թանգարանը: Թանգարան կոչվածը մի սենյակ էր տան կողքին, որտեղ այս մարդու հոր պատրաստած փայտե քանդակներն էին․ ամեն քանդակի մեջ կյանք կար, պատմություն: Նրանք չէին վաճառում դրանք․ նրանց հերիք էր, որ մարդիկ տեսնեն ու իմանան: Մի քիչ էլ զրուցեցինք այդ հյուրընկալ մարդու ու նրա հոր հետ, և այդ մարդը ուղիղ մայրամուտին մեզ մեքենայով հասցրեց Դվինի ավերակներ:
Պարզվեց, որ այդտեղի պահակը ժամանակին տուն է սարքել հենց տարածքում, ու արդեն մի քանի սերունդ ընտանիքով ապրում են այդտեղ: Մենք որոշեցինք հենց ավերակներում քնել մեր քնապարկերով։ Մինչև քնելը նրանց հետ ձմերուկ էինք ուտում, երբ նրանց բարեկամն եկավ ու խոսքի մեջ պատմեց, որ մի ամիս առաջ նրա եղբոր այգում երկնաքար է ընկել, հարվածից եղբայրը ուշաթափվել է, տարածքում փոս է առաջացել ու վառվել են խոտերը: Մենք, իհարկե, թերհավատությամբ վերաբերվեցինք, և այդ ժամանակ նա առաջարկեց մեքենայով տանել մեզ իր տուն, ցույց տալ ու նորից հետ բերել: Իհարկե նման առիթը չէինք կարող բաց թողնել ու համաձայնեցինք: Երբ տեսանք բռունցքի մեծության քարը, որը ոնց-որ դեմք լիներ ու այդքան էլ քար չէր, տարօրինակ զգացողություն ունեցանք
Հետաքրքիր էր ձեռքում պահել մի իր, որը հնարավոր է երկա՜ր ճանապարհ է անցել, մինչև մեզ հասնելը ու երկար պատմություն ունի: Այդ մարդն ասաց, որ ուզում են վաճառել այդ քարը, բայց զգույշ էր շատ, վախենում էր: Ասաց նաև, որ քարին ձեռք տալուց հետո պատահաբար ձեռքը բերանին է կպցրել, ու սկսել է մրմռալ բերանը: Տարօրինակ քար էր:
Ոչ երկրային զգացողություններով պառկեցինք քնելու մեր երբեմնի թագավորի ամրոցի ավերակներում: Հինգերորդ օրն ավարտվեց:
Վեցերորդ օրվա առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Սյունիք՝ Զորաց քարեր:
Արարատ չհասած մեզ հանդիպեց այն մեծ բեռնատար մեքենաներից, ու մինչև գրեթե Զորաց քարեր հասցրեց մեզ: Մնացած ճանապարհն էլ անցանք ոտքով, և մեր դիմաց բացվեց դաշտը, որտեղ տեսանք մեր հին մշակույթի պահպանված մի մասը: Մարդիկ դեռ քննարկում են, թե ինչ է եղել այդ տարածքը (ըստ որոշ վարկածների այն աստղադիտարան է եղել, ըստ այլ վարկածների՝ դամբարանադաշտ), բայց մի բան պարզ է, որ այն շատ հին է ու շատ հետաքրքիր։ Հսկայական քարերը դասավորված են շրջանաձև կամ ուղիղ գծով՝ ուղիղ կանգնած։ Տարածքում երկար թափառելուց հետո գիշերակաց արեցինք հենց դաշտի մեջ, քամուց պաշտպանված մի փոքր հատված գտանք։ Շատ լուռ էր տարածքում։ Հետաքրքիր զգացողություն էր՝ քնել հազարամյա պատմության վկաների կողքը։ Վեցերորդ գիշերն անցավ առեղծվածային էներգիայով։
Հաջորդ օրը կեսօրին մեզ միացան մեր երկու ընկերներն, ու մենք ճամփա ընկանք դեպի Խնձորեսկ: Խնձորեսկի քարանձավների մոտ հասանք արդեն մթով։ Հասանք ձորի վրա կախված կամրջին, ու մթության մեջ չէր երևում, թե կամուրջն ինչքա՞ն երկար է, ինչքա՞ն խորն է ձորը։ Տարբեր տեղերից լսվում էին շնագայլերի ձայները։ Չգիտես, թե ձորի մյուս կողմում քեզ ինչ է դիմավորելու։ Այդ բոլոր զգացողություններով՝ կամուրջն անցանք ու հայտնվեցինք քարանձավային «քաղաքում»։ Այստեղ եղել է Խնձորեսկի հին գյուղը։ Մինչև 1950-ական թվականները մարդիկ ապրել են այս քարանձավներում, շինություններ են ավելացրել, դպրոց են ունեցել։ Հետո տեղափոխվել են՝ նոր գյուղը հիմնել են ձորի վերևում, իսկ այս տարածքը մնացել է որպես Հին Խնձորեսկ։
Գտանք մի քարանձավ, որ հարմար էր գիշերակացի համար, կրակ վառեցինք ու պատրաստվեցինք գիշերելուն: Շնագայլերը շարունակում էին իրենց համերգը, ես էլ որոշեցի նրանց միանալ գայլի ոռնոցով, բայց նրանք չգնահատեցին տաղանդս ու ավարտեցին համերգը 😀 Քնեցինք վարգանի հնչյունների տակ (դա երաժշտական գործիք է, որ նվագում էր մեր ընկերը): Գիշերը զգացի, որ շնագայլերից մեկը հենց մեր քարանձավի մոտ է․ նստեցի՝ հյուրերի սպասելով, բայց երևի դաստիարակությունը թույլ չտվեց ներս մտնել ու գնաց:
Առավոտյան արթնացանք դափի ձայնից, որ կամուրջի մեջտեղում նվագում էր մեր մյուս ընկերը ու ձայնին արձագանքում էր ձորը։ Հետո, երբ տեսանք ձորը, քարանձավներն ու թե ինչքան ուսումնասիրելու բան կա տարածքում, ավելի համոզվեցինք, որ մի օրը շատ քիչ է, ու որ մի գիշեր էլ ենք մնալու: Երբ որոշումը կայացվեց, որ մնալու ենք, ես սկսեցի մենակ թափառել ու ուսումնասիրել տարածքը: Ահագին քայլելուց հետո մի բարձր քարի վրա բարձրացա ու արևի տակ քնեցի: Հետո լողացա աղբյուրում ու միացա ընկերներիս, որոնք արդեն ուտելու բան էին սարքում: Ես էլ ճանապարհին լիքը մոշ էի քաղել, այնպես որ սկզբում վայելեցինք դա, հետո հաց կերանք:
Հետո հանդիպեցինք տեղի պահակին՝ Վարդանին, ու նա, իմանալով, որ գրեթե սնունդ չունենք արդեն, իր այգուց մեզ լիքը ուտելիք տվեց: Ամբողջ ճանապարհին հանդիպել ենք բարի ու հյուրասեր մարդկանց, որոնց շատ շնորհակալ եմ: Երկրորդ գիշերն էլ Խնձորեսկում անցկացրեցինք շնագայլերի համերգի ներքո: Հաջորդ օրն արդեն պիտի շարժվեինք, բայց մի տեսակ հարազատ էր դարձել էդ ձորը, էդ քարանձավը․ կարծես տանը լինեինք:
Մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանից, դաշտի միջով քայլեցինք մինչև գյուղի ճանապարհ ու էլի ավտոստոպով հասանք Տաթև: Տաթևի վանքի տեսարանները խենթացնում են, ներքևում երևում է խորը կիրճը՝ ամբողջությամբ անտառապատ։ Այդ կանաչից ու սարերի բազմաշերտ ուրվագծերից չես հագենում։ Կարող եմ ժամերով նստել ու նայել։
Տաթևում ժամերգություն էր։ Մենք ներս մտանք, իսկ մեր մի ընկերը որոշեց դրսում սպասել։ Երբ դուրս եկանք, նա մեզ դիմավորեց մի մեծ աման ծիրանով՝ վանականներից մեկն էր հյուրասիրել: Հետո հանդիպեցինք Հայր Միքայելին, խնդրեցինք թույլատրել որևէ տեղ գիշերել։
Ասացին, որ կարող ենք գիշերել Ձիթհանի շենքում (այն ժամանակ դեռ ամբողջությամբ վերանորոգված չէր որպես թանգարան)։ Հետո մի մեծ աման ուտելիք բերեցին մեզ, ու մենք մի անգամ էլ վստահեցրինք, որ տարածքում ոչնչի ձեռք չենք տա ու, իհարկե, ոչինչ չենք թողնի մեզնից հետո: Առավոտյան մասնակցեցինք կիրակնօրյա պատարագին, շնորհակալություն հայտնեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան։
Տաթևի ճանապարհին կանգնեցինք Սատանի կամուրջի մոտ։ Բնական կամուրջ է, որի տակ իջնում ես պարանների օգնությամբ, ու բացվում է մի հետաքրքիր աշխարհ։ Բնական քարանձավներ են՝ հանքային ջրերի աղբյուրներով։ Հանքայնացված քարանձավները հետաքրքիր պատկերներ ունեն, կան մի քանի շերտերով ավազաններ, որոնց մեջ կարելի է մտնել։ Ներքևում հոսում է Որոտան գետը։ Մենք մտանք ավազանների մեջ, թարմացանք ու շարունակեցինք ճանապարհը։
10 օր եղել ենք ճանապարհներին։ Փող չենք ծախսել տրանսպորտի վրա։ Այդ ընթացքում հանդիպել ենք լիքը հետաքրքիր ու լավ մարդկանց, ովքեր կարևոր մասն են կազմել այս ճամփորդության։
10 օր և 9 գիշեր եղել ենք հնարավորինս մոտ բնությանն ու մշակույթին: Այդ օրերի ընթացքում ես տեսա մեր հազարամյա մշակույթը, որով հիանում էին իմ արտասահմանցի ընկերները:
Ես ինձ ավելի պատասխանատու զգացի բնությանս ու մշակույթիս նկատմամբ, որովհետև երբ վայելում ես մի բան, պետք է նաև պահպանել այն: Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է․ մարդն այդ քայլն անում է, երբ հանկարծ հասկանում է, որ կարող է կորցնել այն, ինչ սիրում է ու թանկ է իր համար: Իսկ հայրենիքդ սիրելու լավագույն միջոցն այն ճանաչելն է։ Այդ օրերի ընթացքում ես մի փոքր ավելի լավ ճանաչեցի այն ու շատ ավելի կապվեցի ու պատասխանատու դարձա: Ահա թե նաև ինչ տվեց ինձ էդ փոքրիկ, բայց հետաքրքիր ճամփորդությունը Հայաստանով։
Join our group of explorers and see Armenia from a different perspective. Custom dates and private tours are also available.